четверг, 1 июня 2017 г.

Երեւանում ծնված հնգյակի ընտանիքը 3 մլն դրամ եւ Մեծամորում բնակարան կստանա


Մոտ ապագայում մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակի ընտանիքը 3 մլն դրամ եւ Մեծամորում բնակարան կստանա։
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են, որ պերինատալ շրջանը հաղթահարած յուրաքանչյուր երեխա (առնվազն 7 օր ապրած), 1 մլն դրամ կստանա, որից 500 հազարը ծնողները կկարողանան առձեռն ստանալ։ Նախապես ընտանիքը հնգյակների համար պետք է 7,5 մլն դրամ ստանար  (1,5 մլն՝ յուրաքանչյուրին), բայց քանի որ պերինատալ շրջանը հաղթահարեցին միայն երեխաներից երեքը, ընտանիքը 3 մլն դրամ կստանա։ Այդ գումարի կեսը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված ընտանեկան կապիտալին, իսկ երկրորդ կեսը ծնողները առձեռն կստանան։
Պերինատալ շրջանը չհաղթահարած երկու երեխայի համար, համաձայն գործող օրենքի, ընտանիքը 50 000-ական դրամ կստանա։
Ինչ վերաբերում է բնակարանին, որն ընտանիքին խոստացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում երեխաների հայր Վարդան Կարապետյանն ասաց, որ այն գտնվում է Մեծամոր քաղաքում, որտեղ այժմ բնակվում է ընտանիքը։ Արդեն մոտ ապագայում բնակարանը կգնվի եւ ընտանիքը կկարողանա այնտեղ տեղափոխվել։ Իսկ մինչ այդ նրանք բնակվում են վարձակալված բնակարանում։ Ավելին, քանի դեռ երեխաները գտնվում են Երեւանի բժշկական կենտրոններում, Վարդանն ու Լուսինեն ստիպված են ամեն օր Մեծամորից Երեւան գնալ եւ հակառակը։ 
Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ մեկ տղա, ծնվել է մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:
Մայիսի 6-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հնգյակի աղջիկներից մեկը, որն «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում էր, մահացել է՝ ուղեղի արյան զեղման պատճառով: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը «Մուրացան» ԲԿ-ում էր:
Հնգյակի տղան, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մայիսի 14-ին:
Երկու աղջիկներն էլ արդեն ինքնուրույն են շնչում՝ առանց թոքերի արհեստական օդափոխման, սակայն նրանք շարունակում են թթվածինը ստանալ CPAP թերապիայի միջոցով։


loading...

Комментариев нет:

Отправить комментарий