воскресенье, 11 июня 2017 г.

Խնջույքին հարսն ու փեսան ուզում էին բաժանվել, թամադան հաշտեցրեց


«Եթե թամադան փորձառություն չունենար, հնարավոր է, որ այդ հարսանիքը չկայանար»
«Առաջին թամադան աշխարհում եղել է Աստված: Նա ասել է ամենակարճ կենացը՝ աճեք եւ բազմացեք: Աստված ներկա է եղել Ադամի եւ Եվայի հարսանիքին»,-գյումրեցի հայտնի թամադա, դերասան, թատերական բեմադրիչ Ռոբերտ Պապյանի հետ մեր զրույցը թամադաների մասին այսպես է սկսվում: Զրուցակիցս թամադայի փոխարեն նախընտրում է հանդիսավար կամ սեղանապետ բառերը, բայց դեմ չի լինում, որ հարցազրույցի ընթացքում հաճախակի օգտագործեմ թամադա բառը:
«Առաջին կենացը՝ «բարով տեսանք»-ն է, դե, հիմա պատմի քո մասին»,-ասում է Ռոբերտ Պապյանը եւ հետաքրքրվում, թե որտեղ եմ ծնվել, ապրում, ինչ կրթություն ունեմ: Ստեղծված իրավիճակը մի փոքր անսովոր է, քանի որ սովորաբար լրագրողն է հարցեր տալիս:
«Պետք է մարդուն ճանաչես, գիտենաս ինչ արմատներ ունի, որ կարողանաս աշխատել հետը: Գուցե մարդը մշեցի է. չոր կող են մշեցիները, նրանց հետ պետք է զգույշ լինել»,-կատակով ասում է պարոն Պապյանը եւ շարունակում, որ հարսանեկան կամ այլ միջոցառումներ վարելուց առաջ` հարսանեկան զույգի, հոբելյարների եւ նրանց հարազատների հետ նախապես պարտադիր հանդիպում է:
«Յուրաքանչյուր հարսանիքից կամ այլ միջոցառումից առաջ կարեւոր եմ համարում նախապես ծանոթություն նրանց հետ: Կան թամադաներ, ովքեր հարսանիքից 15 րոպե առաջ ռեստորանում հարցնում են՝ ի՞նչ է հարսի, փեսայի, մամայի, պապայի անունները, ո՞վ է մեռած, ո՞վ է բանակում կամ ո՞վ է Ամերիկայում ու Հոլանդիայում: Ես որ չիմանամ այդ մարդկանց բնավորությունը ինչպիսին է, ո՞նց կարող եմ վարել նրանց հարսանիքը: Նրանց հրավիրում եմ իմ տուն, ծանոթացնում տեքստերին, մյուս հարսանիքներից նկարահանումներ եմ ցույց տալիս»,-ասում է 12 տարվա թամադայի աշխատանքի փորձ ունեցող Ռ.Պապյանը եւ մանրամասնում, թե ինչպես է տարիներ առաջ թատերական գործունեությանը զուգահեռ որոշել թամադայություն անել:
«Չեմ սիրում, երբ այդ աշխատանքով զբաղվում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Ում մոտ խոսափող է հայտնվում, նա իրեն համարում է թամադա կամ սեղանապետ: Թամադա դառնալուս առիթը եղավ այն, որ արվում է սխալ եզրակացություն, թե ինչ բան է թամադա հասկացությունը: Երիտասարդը, ով նույնիսկ ամուսնացած էլ չէ, չի կարող նորապսակներին խորհուրդ տալ, թե ինչպես պետք է ապրեն իրենց նորաստեղծ ընտանիքում: Պարզապես տեքստ ասելով՝ թամադա չեն դառնում»,-ասում է նա:
Ռոբերտ Պապյանը ցավով է նշում, որ Հայաստանում հնարավոր չէ ձեռք բերել թամադայի կամ հանդիսավարի մասնագիտություն: Նրա կարծիքով՝ թամադան պետք է լինի կիրթ եւ բազմակողմանի զարգացած:
«Թամադան նախ եւ առաջ պետք է խոսել իմանա: Թլվատ լեզվով, բարբառային, անճաշակ անեկդոտներով, գողացված տեքստերով թամադայություն անել չի լինի: Հիմա ջահելները ասում են՝ ախպեր ջան, քեզ շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որ 10 հատ երեխա ունենաս: Հա, բայց ի՞նչ գիտեք, այդ զույգը ուզում է 10 երեխա ունենալ: Թամադան պետք է լինի կեցվածք ունեցող անձնավորություն: Պետք է կարողանա երգել, պարել, երաժշտական ճաշակ ունենա, հայերեն խոսել իմանա»,-ասում է Ռ.Պապյանը եւ տեղեկացնում, որ նույնիսկ մայրաքաղաքից երիտասարդներ են գալիս իր մոտ՝ հանդիսավարություն սովորելու:
Ռոբերտ Պապյանը կարեւորում է տիրապետել այն պատմությանը, թե ինչպես են ամուսնական զույգերը ծանոթացել: Ասում է՝ դրանք իմանալն օգնում է անծանոթի միջոցառումն ավելի հետաքրքիր վարել եւ պատմել հետաքրքիր դեպքեր:
«Հարսանիքներից մեկի ժամանակ հարցրեցի, թե Ձեր հանդիպման պատճառը ո՞րն է, ասաց՝ ցուլը: Պարզվեց, որ փեսան առաքիչ է, Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղ ապրանք է տարել, խանութը փակ է եղել, սկսել է գործակատարին փնտրել, փողոցով անցնելիս տեսել է, որ կատաղած ցուլը իր վրա է գալիս: Պատահական բացել է տներից մեկի դարպասի դուռը եւ մտել անծանոթ տան բակ: Ասում է, որ չբացեցի դարպասի դուռը՝ մի շատ սիրուն աղջիկ դուրս եկավ դեմս… էլ ի՞նչ ցուլ, մի անգամից սիրահարվեցի էդ աղջկան:
Մի հարսանիքի ժամանակ էլ, փեսան ու հարսը հարսանիքից առաջ եկան մեր տուն: Փեսան ասաց, որ չի սիրում, որ դեմքին տորթ են քսում, ուզում էր այդ մասը չլինի: Ինքը երթուղային տաքսու վարորդ է, հարսը՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի: Հարսանիքի ժամանակ ոնց եղավ հարսը մի թեթեւ կրեմ քսեց ամուսնու դեմքին: Փեսան էլ, թե՝ ես քեզի չըսեցի տորթը չքսես դեմքիս: Էդ ասելով՝ տորթի մի մեծ կտոր վերցրեց ու տուր, թե կտաս հարսի դեմքին: Հարսն էլ ֆիզկուլտուրնիկ, դրբով, վերցրեց տորթն ու տվեց փեսայի գլխին: Երկուսով կրեմոտվեցին եւ ընկան գետին: Երկու կողմի ժողովուրդը ոտքի կանգնեց ու հա, թե իրար են տալու…Այդ պահին գոռացի՝ ստոպ, ծափահարում ենք աշխարհի ամենաքաղցր զույգին: Եթե թամադան փորձառություն չունենար, հնարավոր է, որ այդ հարսանիքը չկայանար»,-հիշում է թամադան:
Ռ.Պապյանը նշում է, որ թամադայի աշխատանքն այնքան էլ եկամտաբեր չէ, հատկապես՝ Գյումրիում: Այստեղ թամադայի ծառայության գները սկսվում են 20 հազար դրամից, իսկ լավագույն դեպքում հասնում 40 հազարի: Կովկասյան ծագում ունեցող թամադայի ծառայությունը հատկապես տարածված է Ռուսաստանում: Ռոբերտ Պապյանն ասում է, որ կան հայտնի աստղեր, ովքեր թամադայի անվան տակ մեծ գումարներ են աշխատում օլիգարխների խնջույքների ժամանակ:
«Կա, որ գնում են օլիգարխների միջոցառումներին, 1-2 հազար ԱՄՆ դոլար փող են աշխատում՝ ճանաչված լրագրողները, հաղորդավարները, բայց դա հանդիսավարություն չի: Դա ամոթ է, իրենց համար շահավետ է, բայց՝ ոչ ինձ համար: Գյումրիում մարդ չի մնացել, թամադային քիչ փող են տալիս՝ 20, 30, 40 հազարից ավել տվող չկա»,-ասում է նա եւ ավելացնում, որ հարսանեկան խնջույքները հետաքրքիր դարձնելու համար ստացած չնչին գումարից հատուկ վկայականներ է պատրաստում հարսի, փեսայի եւ նրանց ծնողների համար:
Ռոբերտ Պապյանը ծնվել է Լենինականում՝ 1954 թվականին, բանվորի ընտանիքում: Սովորել է Մոսկվայի արվեստների ակադեմիայում: 1982 թվականին վերադարձել է Լենինական, զբաղվել ակտիվ թատերական գործունեությամբ, հիմնել է «Ճայ» շրջիկ տիկնիկային թատրոնը: Մինչեւ այժմ էլ պահում է իր առաջին տիկնիկներից մեկին՝ Պոլոզ Մուկուչին, որը 35 տարվա պատմություն ունի, տարիներ շարունակ զվարճացրել է երեխաներին եւ շրջել տարբեր երկրներով


loading...

Комментариев нет:

Отправить комментарий