Կրթության եւ գիտության նախարարության «պայքարը» կրկնուսույցների ինստիտուտի դեմ կարծես դեռեւս իր արդյունքը չի տվել. բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող 10 դիմորդներից առնվազն 8-ը պարապում են կրկնուսույցի մոտ:
Կրկնուսույցի ինստիտուտը վերացնելու համար Կրթության եւ գիտության նախարարությունն անցած տարի փոփոխություն կատարեց, համաձայն որի, 12-րդ դասարանցիներն ավարտական քննությունները 2016/2017 ուսումնական տարում հանձնել են դեկտեմբերին, իսկ դրանից հետո դպրոցում խորացված պարապել այն առարկաները, որոնք հանձնելու են բուհ ընդունվելու համար: NEWS.am-ի հարցախույզը ցույց է տվել, որ դիմորդները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Ի դեպ, վարձավճարները տարեցտարի աճում են, ոչ թե նվազում: Դիմորդները նշում են, որ դպրոցի գիտելիքները չեն համապատասխանում շտեմարաններում առկա հարցերին, ինչի պատճառով էլ ստիպված մոտ 1 տարի պարապում են ուսուցչի կամ դասախոսի մոտ:
«Եթե չպարապեի, քննությունը կտայի, բայց բարձր միավորներ չէի կարողանա ստանալ»,- ասում է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու համար դիմած Վարդուհին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար Միլենան 3 առարկա է պարապել շուրջ 1 տարի: Նա պնդում է, որ առանց պարապելու բուհ չէր կարող ընդունվել:
Մեր հարցվածներից միայն Ալֆրեդն էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար ոչ մի առարկա կրկնուսույցի մոտ չի պարապել: Դիմորդն ինքնուրույն է պարապել եւ կարծում է, որ դա բավարար է համալսարան ընդունվելու համար:
Նշենք, որ մայրաքաղաքում ուսուցչի մոտ պարապելու համար 1 առարկան արժե առնվազն 30 հազար դրամ, իսկ դասախոսի մոտ գները սկսվում են 50-60 հազար դրամից: Մարզերում հնարավոր է առարկան պարապել ամսական 20 հազար դրամով:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ ամբողջ 12-րդ դասարանը բեռնաթափելու դեպքում ավելի արդյունավետ կդառնա կրկնուսույցների դեմ պայքարը:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий